ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ուժի մտնելուց հետո հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:
Օրինագծով նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի:
Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն:
Փաթեթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովումը։
Ի դեպ, կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը: