Սահմանների հետ կապված գործընթացում կիրառվում են անընդունելի մեխանիկական մոտեցումներ։ ԱԺ-ում ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս մտահոգություն հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա մատնանշեց, որ իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չեն իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում:
Թաթոյանն ընդգծեց, որ կոպտորեն խախտվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, նրանք զրկվել են հողատարածքներից ու տներից:
Նա հավելեց, որ զինված հարձակումների հետևանքով Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները
«Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասաց ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանի համար պարզ չէր՝ ինչու էր կառավարությունը որդեգրել հասարակությանն ու հատկապես սահմանային բնակիչներին պատճաշ պարզաբանումներ, տեղեկություններ չտրամադրելու անթույլատրելի քաղաքականությունը:
Ըստ նրա՝ այս ամենը նպաստեցին ապատեղեկատվությանն ու անորոշությանը՝ առաջացնելով մարդկանց արդարացի զայրույթը։