Բոլորիս անզեն աչքով երևում է, որ տուրիստական ոլորտում աշխուժություն է նկատվում։ Դա պայմանավորված է պատվաստումների ծավալներով, ինչը թույլ կտա հետագայում խոսել նաև սահմանները բացելու մասին, հատկապես այն սահմանների, որոնք մեր երկրի համար են դեռևս փակ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը։
Խոսելով դրականի մասին՝ պետք է արձանագրել, որ մեզ մոտ կա բավականին մեծ աշխուժություն՝ կապված Ռուսաստանի զբոսաշրջիկների հետ, հատկապես՝ մայիսյան տոների ընթացքում, ասաց Այվազյանը։
«Այդ 10 օրերի ընթացքում մենք նրանց տեսնում էինք քաղաքի տարբեր մասերում և հանրապետությունով մեկ շրջագայելիս։ Ոչ պաշտոնական խմբերում նույնիսկ քննարկվում էր, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների կարիքն արդեն կա, չեն հերիքում, ինչը ոգևորիչ է»,- նշեց Այվազյանը։
Սակայն խոսել զբոսաշրջային ոլորտի ամբողջական վերականգնման մասին, ըստ մասնագետի, դեռ վաղ է։ Համաշխարհային վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն 2023 թվականից հետո հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության ոլորտի վերջնական առողջացման մասին, որպեսզի թվերը մոտենան 2019-ի ցուցանիշներին։