Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբն անդրադարձել է Սյունիքի սահմանային որոշ հատվածներում արդեն օրեր շարունակ առկա իրավիճակին:
Հայտարարության մեջ ասված է.
«Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ։
Հերթական անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից ներկայացվող ոչ մի թատերական սցենար ի վիճակի չէ շեղել Գորիսի հանրությանը ստեղծված պայթյունավտանգ իրականությունից։
Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին՝ ե՞րբ են թուրքերը հեռանալու իրենց ելման դիրքեր։
Մենք բավականաչափ հստակ տեղեկացված ենք, թե որտեղ են տեղակայված թուրքերը, և իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում ենք լրջանալ։
Հիշեցնում ենք, որ Գորիսի հանրությունը պրկված ջղերով սպասում է բանակցությունների ընթացքի արժանապատիվ հանգուցալուծմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակը գործող իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն է»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: Հավելենք, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: