«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախաձեռնության նպատակն է լրագրողական ուղևորության միջոցով լուսաբանել ՀՀ Տավուշի մարզի այն հատվածները, որոնք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագրի ստորագրման դեպքում կարող են օկուպացվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հայտնվել վերջինիս նշանառության տակ և/կամ հայաթափվել։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց թվում նաև Armenia Today-ի նկարահանող խումբն է, կանգ են առել Ոսկեպարում, որտեղ հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող Սասուն Դանիելյանը խոսել է նաև հուշարձաններին սպառնացող վտանգի մասին:
«Ոսկերպարի հին գերեզմանոցում ենք, որտեղ 18-րդ, 19-րդ դարի հին տապանաքարեր կան: Ոսկեպարի այս հուշարձանները ժամանակին անտարբերության ու մոռացության են մատնվել: Բացի այդ, ժամանակին ներկայիս ադրբեջանցիների նախնիները բավականին մեծ վնաս են հասցրել հուշարձաններին: Հուշարձանները հիմնականում բեկորների տեսքով են պահպանվել: Գրեթե կանգուն եկեղեցիներ չեն մնացել»,-ներկայացրեց Սասուն Դանիելյանը:
Վերջինս նշեց, որ մեր հուշարձանները ևս սպառնալիքի տակ են:
«Այս տարածքը վտանգի տակ է, եթե իրագործվի այդ հրեշավոր ծրագիրը, բնականաբար, այդ անկլավին պետք է ճանապարհ հատկացնեն և այդ ճանապարհն անցնելու է ներկայիս Ոսկեպար գյուղի տարածքով: Վտանգված է ամբողջ գյուղը: Այդ դեպքում ընդհանրապես կեցության որևէ պայման չի լինելու: Այն հայաթափվելու է: Իհարկե, մեզ համար ամենակարևորը հայ բնակչության պահպանումն է: Որտեղ կա հայ բնակչություն, հուշարձանն անվտոմատ պահպանվում է, բայց երբ գյուղը հայազրկվում է, բոլոր հուշարձանները վտանգվում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Այս ընթացքում հայտնի դարձավ նոր փաստաթղթի մասին: Վարչապետի պաշտոնակատարը չի բացառել այն ստորագրելու հնարավորությունը՝ շեշտելով, որ այն բխում է ՀՀ շահերից:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:
Մանրամասները՝ տեսանյութում.