2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան ժամանել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Նրա խոսքով, 2021թ․ առաջին եռամյսակի տվյալներով՝ ՀՀ մուտքերի և ելքերի տարբերությունն աճել է։
«ՀՀ-ից մեկնողների թիվը ժամանողների թվից շատ է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակն այդքան էլ ներկայացուցչական չէ՝ հաշվի առնելով Covid-19-ի սահմանափակումները։ Ամբողջ աշխարհում այս առումով ոչ միայն զբոսաշրջությունը, այլ ուղևորաշրջանառությունն է էապես կրճատվել»,-ասաց նա։
Խոսելով հնարավոր մարդահամարի մասին՝ նա շեշտեց․
«Մարդահամարը ևս մեկ տարով հետաձգելու որոշում է կայացվել։ Մարդահամարը կանցկացվի 2022թ․-ին։ Այն նախատեսում է հարցումներ տնային տնտեսությունների 25 տոկոսի շրջանում։
Ավելի վաղ նախատեսվում էր մարդահամար անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը։ Այդ նպատակով հատկացվել է 90 մլն դրամ։