ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ ԿԽՄԿ ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա:
Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» փորձնական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ: Վերապատրաստում անցած հոգեբաններն իրենց հերթին կվերապատրաստեն սահմանամերձ դպրոցների (Սյունիքի և Տավուշի մարզեր) ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին հոգեբանական պատշաճ աջակցություն տրամադրել երեխաներին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը: