Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտում է զոհված զինծառայողների աճյունների հանդեպ վերաբերմունքը։
«Երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ է բերել հանրության, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։
Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյուններն, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այս օրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող լուրանկարներ էր տարածվել մամուլում, ապա տարածված տեսանյութն առաջ է բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։