Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ։
Այս մասին տեղեկանում են ՔԱԿ-ի Facebook-յան էջից։
Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:
Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է նաև, որ այս գործով Ազգային անվտանգության ծառայությունում քննությունը շարունակվում է:
Խոսքը գնում է 2021 թվականի փետրվարի 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 2021 թ.փետրվարի 21-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է ստացել ԱՄԷ ավիացիոն իշխանություններից ՝ Հայաստանում գրանցված Ek-FAA-ի համարով Boeing 737 ինքնաթիռը առեւանգելու մասին:
Ճաղարյանը տեղեկացրել է, որ ինքնաթիռը մեկնել է Տալլինից և թռիչքների պլանի համաձայն, պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն օդում որոշվել է փոխել ուղղությունը և տեխսպասարկման նպատակով մեկնել ԱՄԷ, սակայն տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում: Ս.թ. ապրիլի 23-ին ինքնաթիռը վերադարձվել է Հայաստան։