Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր գերիների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանը, որը նստացույց էր սկսել կառավարության շենքի դիմաց, այս առնչությամբ հայտարարություն է տարածել։
«Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։
Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։
Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,-նշել է նա։