Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծանուն բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ կմասնակցի Ռավեննայի հեղինակավոր փառատոնին՝ հանդես գալով Քերուբինիի նվագախմբի հետ:
Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողները հունիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեցին երգչախմբի փորձին և զրուցեցին երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի, տնօրեն Արմեն Արաբյանի և մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ:
Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ Ռավեննայի փառատոնը բարձրակարգ երաժշտական միջոցառում է: «Այնտեղ երգելու ենք մի խումբ դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև կատարելու ենք Տիգրան Մանսուրյանի «Purgatorio» գործը՝ նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին: Երգչախմբի բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ աշխատելու և դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին»,-տեղեկացրեց Մլքեյանը:
Խոսելով երգչախմբի մասին՝ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ մշտապես համագործակցում են. հանդես են եկել Իտալիայում, աշխարհի տարբեր երկրներում, ձայնագրվել են նշանավոր ընկերություններում, համատեղ ջանքերով կյանքի են կոչել «Արս պոետիկա» խմբերգային մեծածավալ գործը: «Ռավեննայի փառատոնին մասնակցությամբ երգչախումբը հնարավորություն է ստանում երգելու Ռիկարդո Մուտիի՝ մեծագույն վարպետի ղեկավարությամբ և իտալական նվագախմբի նվագակցությամբ, ինչը շատ կարևոր է»,- եզրափակեց մաեստրոն: