Այս պահին Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին կենդանիների մոտ սիբիրախտի դեպքեր չեն հայտնաբերվել։ Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հունիսի 21-ի դրությամբ համայնքներում 24 խոշոր եղջերավոր և 9 մանր եղջերավոր կենդանիների մոտ է սիբիրախտ հաստատվել, որոնք հայտնաբերվել և ոչնչացվել են։
«Գեղարքունիքի մարզում կենդանիները պատվաստվել են։ Սակայն մասնագիտական կարծիք կա, որի համաձայն՝ պատվաստված կենդանիների որոշակի տոկոս հիվանդության նկատմամբ շարունակում է զգայուն մնալ։ Մյուս կողմից՝ տարին է չորային, որը ևս նպաստում է հիվանդության զարգացմանը»,- փոխանցեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Հիվանդությունը, սակայն, իր հետքը թողել է համայնքներում։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեք բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Ըստ ԱՆ-ի՝ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը:
Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։
Սիբիրախտի դեպքերի վերաբերյալ հաջորդ ահազանգը Շիրակի մարզից է։ Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում ևս սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել։ Այստեղ արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում, սիբիրյան խոցի ախտանշաններով էլ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
«Հունիսի 29-ին, երբ իրավիճակը սրվել է, այդ ժամանակ են ՍԱՏՄ-ի տեսուչներին տեղեկացրել։ Անկած անասունների տերերը մսեղիքը պահել են սառնարաններում։ Տեսուչները համայնքից մոտ 200 կիլոգրամ միս են հայտնաբերել և այրել»,- ներկայացրեց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ խնդիրն այստեղ ևս վերացվել է, բայց մասնագետները շարունակում են վերահսկողությունը։
Ի տարբերություն Գեղարքունիքի մարզի համայնքների՝ Իսահակյանում խոշոր և մանր եղջերավոր կենդանիները չեն պատվաստվել սիբիրախտի դեմ, թեև պատվաստանյութը բաշխվել է համայնքին։
ՍԱՏՄ-ը ներկայացուցչի խոսքով՝ անասնաբույժը հիվանդության դեմ կենդանիներին չի պատվաստել։ Դեպքից հետո են միայն կենդանիները սիբիրախտի դեմ պատվաստանյութ ստացել։
Կենդանիների շրջանում տարածված սիբիրախտն Իսահակյանում ողբերգական ավարտ է ունեցել։ Դեպքերին հաջորդել է համայնքի անասնաբույժի ինքնասպանությունը։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել էր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Իսահակյան գյուղում անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։
Թե ինչու անասնաբույժը կենդանիներին չի պատվաստել, իսկ հիվանդությունը գրանցվելուց հետո էլ նման քայլի է դիմել, այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չունի ո՛չ Իսահակյանում, ո՛չ էլ պատկան կառույցում։