Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021-ի հունիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.9 %-ով։ Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9 %-ը կամ 34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 32,3 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6 %-ը, կամ 62.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով:
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,9 %-ը, կամ 40.2 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7 %-ը կամ 11.6 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3.9 % կամ 2.4 հազար մարդ:
Պաշտոնական տվյալներով՝ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 18.7 %, 30-44 տարեկանները` 41.7 %, 45-54 տարեկանները` 20.4 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2 %:
Գործազուրկների 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2 %-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները: