Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
Հիշեցնենք նաև, որ ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ Արցախի փողոցում շենքերից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի է հայտնաբերել։