Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից։
«Գիշերը հրատապ որոշում ենք կայացրել տարհանել բոլոր աշխատակիցներին, որոնք այդ պահին աշխատել են։ Աշխատակիցները և տեխնիկան տարհանվել են»,- փոխանցեցին ընկերությունից՝ հավելելով, որ այս պահին անկանոն կրակոցների պատճառով հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում։
Նրա խոսքով՝ հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացրել մոտ 150 աշխատակից, կրակոցներ հնչել են նաև Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։