Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հա տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով:
«Նոր Արաբկիր զբոսայգին երբևիցե չէր հիմնանորոգվել, այժմ մեծածավալ աշխատանքներ ենք սկսել: Մինչ աշխատանքներին անցնելը, կցանկանայի նշել, որ մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ վերադարձնենք համայնքին ու սկսենք այս շինարարությունը: Աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ընդգծել է քաղաքապետը:
Զբոսայգու ընդարձակ կանաչ գոտին ոռոգելու նպատակով կառուցվել է հատուկ ջրավազան և անցկացվել ճնշումային ոռոգման համակարգ: Բարեկարգվել են ճեմուղիները, կառուցվել են թեքահարթակներ, համերգային հարթակ, ավազածածկ խաղահրապարակ, հանգստի գոտին ապահովվել է ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ:
Շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը նաև մի շարք դիտարկումներ է արել։
Նա նշել է, որ կան աշխատանքներ, որոնք պետք է շտկվեն: