Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամին դանակի 11 հարված են հասցրել։ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն է, իսկ մյուսը վերջինիս պապն է՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ ծնված 1934թ.: Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել։