Հայաստանը 2022 թվականից հրաժարվում է պոլիէթիլենային տոպրակներից: Արդյունքում նախատեսվում է, որ տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ դուրս է գալիս շրջանառությունից: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է, և պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար:
Նրա խոսքով՝ բոլորն էլ ականատես են լինում, թե բնությունն ինչպես է աղտոտված հենց պոլիէթիլենային տոպրակներով ու պլաստիկ շշերով: Հանրապետության գետերի հուները լցված են պոլիէթիլենային տոպրակներով և մաքրման աշխատանքները ժամանակավոր լուծում են:
Մասնագետը նկատեց՝ աշխարհում տարեկան սպառվող պոլիէթիլենային տոպրակի ընդհանուր ծավալի զգալի մասը հայտնվում է հողում և օվկիանոսներում: Միջազգային կառույցների ուսումնասիրությունների համաձայն, եթե երկրները չձեռնարկեն առանցքային փոփոխություններ, ապա մինչև 2050 թվականն օվկիանոսներում կարող է լողալ ավելի շատ պլաստիկ, քան ձուկ:
Ավետիսյանն ընդգծեց, որ պետության քաղաքականությունն ուղղված է ոչ թե մաքրմանն ու վերամշակմանը, այլ ընդհանուր պլաստիկի ծավալների զգալի կրճատմանը: Պոլիէթիլենային տոպրակների կրճատումն ընդհանուր ծրագրի մի մասն է, առաջիկայում անդրադարձ է կատարվելու նաև մյուս պլաստիկ ապրանքներին: