Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, որին օգոստոսի 1-ին դանակի 11 հարված էին հասցրել, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը երեկ արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը:
Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, որոնք անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզում գտնվող իր տանը: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն) հոդվածներով: