«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը։ Հայտարարությունում ասված է․
«Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը: Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանն արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից:
Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդիրներին, ապա դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ դարձավ, որ մենք առաջընթաց չունենք Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում: Ինչպես 4-5 տարի առաջ, այնպես էլ այսօր, ըստ պաշտանական տեղեկատվության, Արարատյան դաշտի արտեզյան ավազանից պոմպերի միջոցով դուրս է մղվում 1,6 միլիարդ խմ ջուր թույլատրելի 1.1 միլիարդ խմ-ի փոխարեն: Այդ ջրից 809 միլիոն խմ-ն լցվում է դրենաժային համակարգ և հոսում երկրից դուրս՝ խաթարելով նաև դրենաժային համակարգերի աշխատանքը: Մինչդեռ Արարատյան դաշտի բնակչի չորացող դաշտերը մնացել են առանց ջուր. հույսները Սևանից 170 միլիոն խմ ջուրն է, որն էլ լիովին տեղ չի հասնում ոռոգման համակարգի ջրակորուստների պատճառով: Այդ ջրակորուստները նվազագույնի հասցնելու, Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու փոխարեն 2017 թվականին լճից շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթի, համապատասխանաբար, 1,6 միլիարդ 481 միլիոն դրամից 1,4 միլիարդ դրամն ուղղվել է SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների ձեռքբերման և օգտագործման վրա:
Հիշեցնենք, որ 2019 թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, ըստ որի` Սևանա լճից հավելյալ ջրառն արգելվում է լճի բացասական հաշվեկշռի պարագայում: Սևանա լճից հավելյալ ջրառ կարող է իրականացվել երաշտի դեպքում, որը հաստատված է Կառավարության որոշմամբ: 2021թ-ին ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել: Այդ պատճառով Սևանից հավելյալ ջրառի մասին գործադիրի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:
Բնապահպանները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները մինչև հարցի կարգավորումն ընդհուպ նույնիսկ դատական կարգով»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք նաև, որ այս տարի Սևանից ոռոգման նպատակով ջրառ կատարվել է մայիսին։ Այս տարի ոռոգման ջրի խնդիր կա, որոշվել է լճից հավելյալ ջրառ կատարել։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել՝ մարտի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է: