Օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրի Արմավիրի մարզպետարանում մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցեցին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրի ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ Մասնավորապես ընդգծեցի, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը, հավելելեցի նաև, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկվի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները»,- մանրամասնել է Սանոսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին։
Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։ Ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։