Վերջին օրերի աղմուկից հետո վերջապես ապօրինի կառուցապատման վերաբերյալ որոշ փաստաթղթեր ենք ձեռք բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆիզիկայի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը։
«Մակերեսային «անզեն աչքով» դիտելուց արդեն շատ պարզունակ սխալներ ենք նկատում, օրինակ` ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված այս քարտեզում հաստ սև գծով նշագծված է հուշարձան-թաղամասի սահմանը: Երկու սև կետերով նշված են թաղամասի երկու հուշարձան քանդակները` Վիշապաքարն ու Արտո Չաքմաքչյանի «Արուս» կամ «Հայկական սֆինքս» քանդակը:
«Արուս» հուշարձանը Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տրամադրած քարտեզում սխալ տեղում է նշագրված. այն իրականում կարմիր կետի տեղում է:
Փաստորեն, հուշարձան թաղամասի սահմանները անհասկանալի պատճառով փոխելուց հետո դուրս են մնացել ոչ միայն կառուցապատողի կողմից ապօրինի շինաշխատանքների ենթարկվող հողակտորը, այլ նաև դրան հարակից հանրային խաղահրապարակն ու հենց «Արուս» հուշարձան քանդակը: Այնպես է արվել, որ վիճելի տարածքը լիովին դուրս է մնացել հուշարձան թաղամասի սահմաններից, մինչդեռ իրականում վերևի հատվածը` հանրային խաղահրապարակն ու «Արուս» քանդակը, անկասկած պետք է մնային Հուշարձան թաղամասի սահմաններում, ինչի արդյունքում վիճելի հողակտորը կղզու նման պարփակված կմնար հուշարձան թաղամասի մեջ: Էս քարտեզի փոփոխությունը շա՜տ հարցերի տեղիք է տալիս` հաշվի առնելով էն տարրական սխալը, որ արված է «Հուշարձան» քանդակի տեղադիրքի մասով:
Հիմնավորումները դեռ չենք ստացել, սպասում ենք:
Իսկ թե ինչ կիքսեր ենք գտել կառուցապատողի գլխավոր հատակագծին, թող մնա հետագայի թարմացումների համար»,- գրել է Գրիգորյանը։