Այսօր Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացրել Քաշաթաղի բնակիչները։ Նրանք փոխհատուցում են պահանջում։
Ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մարդիկ խաբեությամբ են կորցրել իրենց բնակության վայրը։
«Պարտավոր են բոլորիս բնակարաններով ապահովել։ Պետք է մեր ազգը մի բռունցք դառնա և միասնական մեր հողերը հետ բերենք։ Մի տարի է՝ մեզ խաբում են, մեզ տված խոստումները չեն կատարում։ Այսօրվա կառավարությունը Էրդողանի ու Ալիևի շահերից է գործում»,- նշեց նա։
Տեղահանված քաշաթաղցիներին մոտեցավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և լսեց նրանց պահանջները։ Խոստացավ նրանց բարձրացրած հարցերը փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Ըստ Վահան Քերոբյանի՝ հարցի լուծումն ուշանում է, քանի որ ֆինանսական միջոցներն ուշանում են։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի իրենց ներկայացնեն որոշման նախագիծ՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծում առաջարկող։ Մեկ շաբաթվա ընթացքում նախագիծն իրենց չներկայացնելու պարագայում քաշաթաղցիները խոստացան բողոքի ավելի կոշտ միջոցառումներ անցկացնել։
Հիշեցնենք, որ Քաշաթաղի բնակիչները Արցախյան պատերազմից հետո բնակարանային պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում։