«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների չվացուցակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Վրաստանի Աջարիայի շրջանների մեծ մասում տեղի ունեցած ջրհեղեղը։
Ընկերության մամուլի ծառայությունից նշել են, որ գնացքները՝ ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար, հետևում են առանց ուշացումների և չվացուցակով սահմանված ժամին:
«Այսօր առավոտյան Բաթումից ուղևորատար գնացք է ժամանել»,- նշեցին ընկերությունից:
Аpsny.ge-ն հայտնել է, որ Քոբուլեթիում փոթորկի հետևանքով մի քանի բնակելի տների տանիքներ են պոկվել: Ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ գյուղերում տասնյակ ծառեր են տապալվել, վնասվել են ավտոմեքենաներ, հարյուրավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այսօր ցերեկը Քոբուլեթիում տեղատարափ անձրևների պատճառով հեղեղվել են նաև ավտոմոբիլային ճանապարհները, բակերը և տների առաջին հարկերը: Նույն աղբյուրը նշում է, որ հորդառատ անձրևների հետևանքով Փոթի քաղաքում հեղեղվել են փողոցները, բակերը և տների նկուղները: