Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Ֆիզգորոդոկ»-ի շուրջ ծագած խնդրին։
Նա Facebook-ի էջում հայտնել է, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ «Ֆիզգորոդոկ»-ում, շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է:
Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- մանրամասնել է նա։
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկում» ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ կառուցապատումն հակաօրինական է, նրանք պահանջում են կասեցնել շինարարությունը։