Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի խորհրդական Սոյեդ Հոսեյն Տաբատաբային և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտական բաժնի պրոռեկտոր Մորթեզա Ռեզվանֆարիին:
Զրուցակիցներն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների ավելի խոր համագործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների փոխանակման հարցում: Սոյեդ Հոսեյն Տաբատաբայը նշել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ հնարավորություն է կազմակերպել երկու երկրների ժառանգության համատեղ արխիվ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում:
Իրանական կողմն ընդգծել է իր շահագրգռվածությունը` ծանոթանալ Հայաստանում առկա Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին` առաջարկելով, որ հայկական կողմը համատեղ օգտագործի այդ արխիվները:
Իրանի պատվիրակության և ՀՀ ազգային արխիվի միջև համաձայնություն է ձեռք բերվել արխիվների ոլորտում համագործակցության խորացման և համատեղ հուշագրի ստորագրման վերաբերյալ: