Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը։
Կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է միավորել Գեղամասար և Վարդենիս համայնքները:
«Այս հարցին պետք է լուծում տան։ Մենք դեմ ենք համայնքների խոշորացմանը։ Մարզպետը չի բարեհաճում գալ և այս հարցին լուծում տալ։ Մենք կառավարությունից կախված չենք, այդ իրենք են մեզանից կախված։ Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում։ Այստեղ փասխտականներ են ապրում։ Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածո՞ւմ են՝ մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՝ անքուն»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
Ոստիկանները բնակիչներից պահանջում են բացել ճանապարհը, սակայն վերջիններս պնդում են, որ չեն բացելու մինչև իրենց ձայնը լսելի չդառնա:
Գյուղացիները մեքենաներով փակել են ճանապարհը, բայց ոստիկանները մեքենաները հեռացրին ճանապարհահատվածից։
Ակցիային մասնակցում է նաև Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Վերջինս նշեց, որ իրենք պայքարում են մինչև վերջ և ցանկանում են, որ կառավարությունը լսի սահմանամերձ բնակիչների պահանջը։
«Ճանապարհն այսօր կբացենք, քանի որ զինվորականները պետք է հերթափոխի գնան։ Մենք մտածում ենք մեր անվտանգության մասին։ Կառավարությանը ժամանակ ենք տալիս մեր խնդիրը լսելու համար։ Եթե մեր պահանջը չկատարեցին, կրկին ճանապարհ ենք փակելու»,- հայտարարեց համայնքի ղեկավարը։
Հավելենք, որ Գեղամասար համայնքն արդեն խոշորացված է, որին միավորվել են մի քանի բնակավայրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությումը հավանության արժանացրեց «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»:
Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք:
Այժմ ՏԿԵ նախարարության առաջարկով՝ կառավարությունը հաստատեց համայնքների խոշորացման ևս 37 ծրագիր, որով միավորվում է 441 համայնք։