Համայնքների խոշորացման դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները բացեցին Սոթք- Վարդենիս ճանապարհը, բայց պայմանով։ Նրանք մեկ օր ժամանակ տվեցին կառավարությանը, որ արձագանքեն իրենց բարձրացրած խնդրին։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց՝ եթե իրենց պայմանը չկատարվի, կրկին կփակեն մի քանի ճանապարհ։
«Թող աշխարհով մեկ տեսնեն, որ այս ժողովուրդը խնդիրներ ունի։ Մի անգամ Ադրբեջանից գաղթել են, ուզում են հիմա էլ հանեն, բայց մենք ո՞ւր գնանք, մենք գերեզմաններ ունենք, 18 զոհ ունենք այս համայնքից, ոչ ոք պատասխան չի տալիս»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ առավոտյան Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն ընդդեմ խոշորացման փակել էին Սոթք- Վարդենիս ճանապարհը։
Հավելենք, որ Գեղամասր խոշորացված համայնքի կազմում է 18 բնակավայր։ Հիմա էլ նախատեսում են Գեղամասար խոշորացված համայնքը միավորել Վարդենիսին։