Զոհված զինծառայողների ծնողները դեմ են սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը նշել տոնական միջոցառմամբ։ Նրանք պատրաստվում են այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ին, հավաքվել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու «գունագեղ միջոցառման» դեմ։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է զոհերի հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը։ Նա հորդորել է բողոքի ֆլեշմոբ կազմակերողներին, հետաքրքրված, սրտացավ մարդկանց մասնակցել բողոքի ակցիային։
Նա նշել է, որ բողոքի ցույցին պետք է ներկայանալ զոհերի լուսանկարներով, որպեսզի իմանան, որ մասնակիցները որդեկորույս ծնողներ ու զոհերի հարազատներ են։
«Այսօր այդ համերգն անցկացնելը տեղին չէ։ Համերգի անցկացումը պետք է կանխվի, քանի որ այն կարող է տանել բախման։ Հարգե՛ք մեր կարծիքն ու չեղարկեք այն։ Բոլոր նմանատիպ միջոցառումները պետք է կազմակերպել սեպտեմբերի 27-ից՝ այսինքն զոհերի տարուց հետո»,- ասել է Ղուկասյանը։
Սեպտեմբերի 27-ի համար ծնողները որոշել են իրականացնել երթ դեպի Եռաբլուր։