Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի։ Խնդիրը «գունագեղ» շոուներն են։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«2 մլն դոլարից ավելի գումար են ծախսելու այս վիճակում, երբ պատերազմի առաջին տարելիցին վեց օր է մնում, երբ շիրիմները թարմ են, ունենք գերիներ, անհետ կորածներ, այս իրավիճակում նման մեծածավալ շոու կազմակերպելն անհնար է»,- ասաց նա։
Ըստ Գեղամ Նազարյանի՝ ճիշտ կլիներ նման որոշում կայացնելիս խորհրդակցեին ծնողների հետ։ Նա ցավում է, որ իրենց բողոքներից հետո են համերգային ծրագրում փոփոխություն կատարել։
«Անկախ նրանից՝ ինչ երաժշտություն է հնչում, նման մասշտաբի միջոցառում անելը ինքնախաբեություն է։ Եթե ծնողների ընդվզումը չլիներ, ի՞նչ է, քեֆ ուրախություն էին անելու։ Ասել, որ ձեր տղերքի հիշատակը գունագեղ տոնակատարությամբ ենք նշելու՝ ծանր վիրավորանք է»,- Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը։
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողներն ընդդեմ Հայաստանի Անկախության օրվա միջոցառման բողոքի ցույց են անցկացնում Հանրապետության հրապարակում։