Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
«Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ` լուրջ վնաս հասցնելով թշնամուն։ «Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան: Ավաղ, մեր կողմից էլ են լինում զոհեր: Զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից:
Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։ Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր»,- գրում է կայքը։