Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր են այցելել։ Նրանց թվում են Հայաստանի ու Արցախի նախագահները, վարչապետներն ու փոխվարչապետները, ԱԺ նախագահը։
Սակայն Եռաբլուրի տարածքում արգելված է նկարահանումներ իրականացնել, լրագրողների մուտքն արգելված է։ Ոստիկանական պատն արգելում է նրանց ներթափանցել զոհերի հուշահամալիր, մոտենալ պաշտոնյաներին։
Լրագրողները դիմադրեցին ոստիկաններին, խնդրեցին չխոչընդոտել իրենց աշխատանքը, սակայն ոստիկաններն առանց հիմքերի արգելեցին նրանց մուտքը հուշահամալիր։
Նշենք, որ Անկախության 30-ամյակի կապակցությամբ պատրաստվում է նաև տոնական համերգ Հանրապետության հրապարակում։ Համերգն անցկացնելու փաստը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք արդեն քանի օր է՝ բողոքի միջոցառումներ են անցկացնում։ Այսօր ևս համերգը խանգարելու ակցիաներ են պատրաստվում։