Երևանի բուսաբանական այգում կհիմնադրվի «Կյանքի պուրակ», որտեղ արցախյան բոլոր պատերազմների զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը՝ որպես հայրենիքին իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հավերժության խորհրդանիշ: Այս մասին այսօր՝ Անկախության 30-րդ տալիցի իր ելույթում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լուսանկարում այն ծառերն են, որոնք տնկվելու են Երևանի Բուսաբանական այգում գտնվող «Կյանքի պուրակում»։
Շուրջ 450 ծառ այսօր բերվել են Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենում Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
«Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է Կյանքի պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են անցկացնելու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր նահատակները՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:
Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»,-հայտարարեց վարչապետը։