Սուրբ Սարգսի տոնը , ինչպես և Ս . Սարգսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն ուներ հայ երի մեջ , հատկապես երիտասարդության շրջանում , և մասնակիորեն պահպանվել է մինչև մեր օրերը : Այս տոնը բոլոր քրիստոնեական եկեղեցիներից նշում է միայն Հայ առաքելական եկեղեցին :
Ս. Սարգսի տոնը նշելու հաստատուն օր չկա: Այս տարի այն նշվում է փետրվարի 8-ին: Ս. Սարգսի տոնով սկսվում էր Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49-օրյա շրջանն ավարտվում էր Զատիկով: Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ, Ս. Սարգսի տոնը նույնպես շարժվում էր 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր:
Ս. Սարգիսը ժողովրդական պատկերացումներում գորշ կամ ճերմակ ձիավոր էր, քաջ ու համարձակ: Նա իշխում էր հողմերին, քամուն ու բքին, կուրկուտին ու կայծակին, և շատ հաճախ ձմռան ցրտերին նրանից էր կախված ճանապարհներին գտնվող մարդկանց կյանքը: Սուրբն իր գորշ, արագավազ ձիով սրընթաց շրջում էր լեռներում և օգնության հասնում կարիքավոր ճանապարհորդներին, սիրահարված զույգերը:
Ս . Սարգիսը սիրո կողմնակից է , « սիրո ճանապարհը » բացող և սիրակոտոր երիտասարդների պատրաստակամ ու արագահաս օգնականը , եթե վերջիններս հարգանքով ու սիրով են հիշում Սրբին և դիմում նրա օգնությանը :
Սբ . Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում , որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը : Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ . Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին :
Ըստ ավանդույթի ` Սբ . Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը , այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը :
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում : Տոնի օրը Սբ . Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ , որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ :