Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Այս մասին Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը հյուրերին պատմել է թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորել ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:
Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց են կատարել 13-րդ դարի պատմական կոթող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտել Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի որմնանկարների վերաբերյալ: Զարեհ Սինանյանն առանձնակի կարևորել է հայ եկեղեցու դերը Վրաստանի հայ համայնքում:
Այնուհետ հանձնակատարը այցելել են թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի առօրյան, որը դարձել է մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր վայրերից մեկը, նաև խոսել գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Զարեհ Սինանյանին ներկայացվել է Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, հրատարակված գրքերը, Ամենայն հայոց բանաստեղծի՝ կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք դարձած իրերը և նվերները:
Գլխավոր հանձնակատարը գրություն է կատարել կենտրոնի տպավորությունների գրքում, որում մասնավորապես ասված էր. «Հուզված եմ՝ մեր մեծն Թումանյանի տանը գտնվելով, զգալով նրա շունչը: Անչափ շնորհակալ եմ այն բոլոր նվիրյալներին, որոնք այս տուն-թանգարանն իրականություն են դարձրել և այսօր այն պահում են որպես մասունք»:
Զարեհ Սինանյանի մյուս այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ուղեկցությամբ շրջայց է եղել նոր կառուցվող շենքում, որի արտաքին աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։
Գլխավոր հանձնակատարը նշել է՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։
Զարեհ Սինանյանը եղել է նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցել։
Հաջորդ այցը դեպի Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն» էր։ Հանձնակատարին ընդունել ենԳարի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ: Կենտրոնում տեղի է ունեցել տիկնիկային, երաժշտական փոքրիկ ներկայացում:
Հանձնակատարը եղել է նաև Ներսիսյան դպրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: