Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ԱԻ նախարարը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանից ներկրել 26 անուն տեխնիկա։
«Եթե դա էլ բերվի, վիճակներս բավականին կփոխվի»,- ընդգծեց Ցոլակյանը:
Նախարարը նշեց, որ փրկարարական ծառայությունը ներկայումս երկար՝ 50-մետրանոց ավտոսանդուղքների կարիք ունի:
«Մեզ պետք է 50 մետրից բարձր ավտոսանդուղքներ՝ բարձրահարկ շենքերի համար։ Կառավարությունում նախապատրաստում ենք մրցույթ և դրա արդյունքներով ձեռք կբերենք երկար ավտոսանդուղքներ: Անհրաժեշտ են նաև տեխնիկական միջոցներ մարդկանց տարհանման համար: Ներկայումս տարհանման միջոցներ չունենք, զուտ մնում է փրկարարների մասնագիտական բարձր որակներին ապավինել»,- նշել է Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունն այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաներ է նվիրել։