«Մենք քննարկում ենք ռազմավարությունը և հույս ունենք, որ Ոստիկանության բարեփոխումների առաջին փուլը կլինի 2020 թվականի տեսանելի արդյունքներից մեկը։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հարցին։
Անդրադառնալով երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը, վարչապետն ընդգծեց, որ այս փուլում հանձնարարական է տրված, որ մարտ ամսից Ոստիկանական ակադեմիայում լայնամասշտաբ ընդունելություն սկսվի։
«Հույս ունենք տարվա վերջին կունենանք նոր պարեկային ծառայության առաջին արտահայտությունը, որն առաջին հերթին բովանդակային փոփոխություն է, և այդ ամենի արդյունքում կունենանք նոր մեքենաներ մեր ճանապարհներին, ոստիկաններ՝ նոր գործիքներով, տեխնիկական հնարավորություններով ու վերաբերմունքով դեպի մարդը, որը կձևավորի ՀՀ քաղաքացու նոր վերաբերմունքը դեպի ոստիկանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։