Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում տեղի է ունենում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությունը։ Հուղարկավորության արարողությանը մասնակցում են ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին և այժմյան քաղաքական գործիչներ, Կուտոյանի հարազատները, մտերիմները և այլք։
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԾ նախկին տնօրենին վերջին հրաժեշտը տալուց հետո լրագրողների հարցերին ի պատասխան նշեց․
«Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ։ Հիմա խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք»։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով։