Գալիք տարվա փետրվար ամսից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը։
«Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ»,- նշել է նախարարը։
Համաձայն Զարուհի Բաթոյանի գրառման՝ մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։
«Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելել անվճար հնարավորություն կունենան»,- նշել է Բաթոյանը՝ հույս հայտնելով, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը։