Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է: Այս մասին հայտարարություն է «Զվարթնոց» օդանավակայանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Աղասի Մանուկյանի Ֆեյսբուքյան գրառմանը։
Համաձայն օդանավակայանի հայտարարության՝ 2019 թ. փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում:
«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատկանում Yandex Taxi ընկերությանը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար»,- ասված է օդանավակայանի հայտարարության մեջ։
Նշենք, որ նախօրեին Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանն իր Ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով, որ տաքսիի վարորդը Գերմանիայի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար 34.000 դրամ է վերցրել: