Հայկը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում՝ գիտաշխատողների ընտանիքում: Նրա հետաքրքրությունը բանակի, զենքի ու զինամթերքի նկատմամբ գալիս էր մանկուց: Հայկն ի վերջո ընտրում է հենց զինվորականի ուղին. Ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Վարժարանն ավարտելուց հետո ուսանողների մի խմբի հետ գործուղվում է ՌԴ ք. Պենզա՝ զինվորական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, որտեղ ևս փայլում է իր առաջադիմությամբ: Ավարտելուց հետո ստանում է «Հրաձգա-հրանոթային, հրետանային զենք» մասնագիտությունը՝ լեյտենանտի կոչումով:
2010 թ. Հայկն առաջարկ է ստանում տեղափոխվել Մատաղիսի զորամաս, նա տեղափոխվում է, և չնայած հետո բազմաթիվ հնարավորություններ ուներ այլ տեղում շարունակել ծառայությունը, բայց մնաց հենց առաջնագծում:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ևս նա հավատարիմ մնաց հայրենիքին ծառայելու իր կոչմանը:
Ապրիլի 2-ին Մատաղիսի մարտական դիրքեր զինամթերք հասցնելու ճանապարհին Հայկը մարտի է բռնվել հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հետ, պայքարել է մինչև վերջին փամփուշտը ու ընկել քաջի մահով:
Հայկ Թորոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: