Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանում հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, ով ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և ղեկավարում է առաջատար թանգարաններից մեկը:
«Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և գեղարվեստական ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում: