ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ամփոփել է 2019 թվականը։ Այս մասին ՀՀ Կառավարության Ֆեյսբուքյան էջում հոլովակէ հրապարակվել։
Ամփոփելով տարին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ 2019 թվականին ընթացիկ ծրագրերից բացի նախաձեռնել են սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված էին խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը։
«Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում։ Այս միջոցառման շրջանակում ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք, ինչպես նաև սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար խորհրդատվություն»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Նախարարի խոսքով՝ 2020 թվականին Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և, իհարկե, աշխատանքի խրախուսմանը։