Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Համաձայն Վրաստանից ստացված տեղեկության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհ։