ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով ՀՖՖ նախագահ՝ Արթուր Վանեցյանի որոշումն Արբահամ Խաշմանյանին Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառումը, որում հստակ նշված է, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակվել ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, քանզի կանոնադրության 39-րդ հոդվածի) համաձայն՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
«Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առ ոչինչ է»,-նշված է գրառման մեջ։
Հարցի պարզաբանման համար Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը կապ հաստատեց ՀՖՖ հասարակայնության և տեղեկատվության բաժնի ներկայացուցչի հետ, ով նշեց, որ այժմ հստակ ոչինչ ասել չեն կարող և առնվազն մեկ օր անց ՀՖՖ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։