Մարմինն ունի իր լեզուն, և դրան հետևելն ու այն կառավարելը շատ կարևոր է դրական արդյունք ունենալու համար:
Այս առումով լիովին բնութագրական են քաղաքական ոլորտում ելույթները: Օրինակ` 2012թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի ելույթներն ուսումնասիրելիս կարելի է նկատել, թե ինչպես է Բ. Օբաման առաջացնում ավելի շատ դրական, քան բացասական զգացումներ, և արդյունքում հանրապետականների ճնշող մասը` 16%-ը, բացասաբար է արձագանքում Ռոմնիի ելույթներին: Ոչ խոսքային լեզուն վերլուծելիս հասկանալի է դառնում, որ Օբամայի ելույթներն ավելի նման էին մրցույթը հաղթանակողի ելույթներին. նրա բաց, դրական և վստահ վարքը սահունորեն ներդաշնակվում էր ելույթի հետ, իսկ Ռոմնին, ընդհակառակը, դարձել էր բացասական ազդանշանների աղբյուր, իսկ նրա խոսքերն այդպես էլ արժանահավատությամբ չընդունվեցին հակասական ժեստերի և դեմքի արտահայտության պատճառով:
Իհարկե, ընտրության արդյունքներն ամբողջովին կախված չեն ժեստիկուլյացիայից, սակայն ոչ խոսքային հաղորդակցության ճիշտ ընտրությունը նպաստում է հաջողության հասնելուն:
Ինչպիսի՞ ոչ խոսքային նշաններ կօգնեն Ձեզ հաջողության հասնել:
Harvard Business Review Russia-ն ներկայացնում է մարմնի լեզվին բնորոշ վեց հնարքներ, որոնք ստացվել են տարբեր ոլորտներում հաջողակ առաջնորդների փորձի ուսումնասիրման արդյունքում:
«Տուփ»-ի հնարք
Իր քաղաքական կարիերայի սկզբում Բիլ Քլինթոնը սիրում էր ելույթի ընթացքում ձեռքերը թափահարել, և դա նրա խոսքերի նկատմամբ առաջացնում էր անվստահություն: Նրա խորհրդականներն առաջարկեցին կիրառել հետևյալ հնարքը. պատկերացնել, թե կրծքավանդակի և որովայնի առաջ տուփ կա, և ժեստիկուլյացիայի ժամանակ պետք է հետևել, որ ձեռքերը դուրս չգան այդ տուփի սահմաններից: Հենց այստեղից էլ առաջացել է «Քլինթոնի տուփ» տերմինը:
«Գնդակը ձեռքերում» հնարք
Եթե ելույթ ունեցողն ունի այնպիսի տեսք, կարծես ձեռքերի մեջ պահում է գնդակ, ապա դա վկայում է իրավիճակի նկատմամբ նրա վերահսկողության և ինքնավստահության մասին: Այս ժեստը շատ հաճախ էր օգտագործում Սթիվ Ջոբսը իր ելույթների ժամանակ:
«Բուրգ»-ի հնարք
Երբ ելույթ ունեցողը նյարդայնանում է, ձեռքերով անկանոն և հաճախակի շարժումներ է սկսում անել: Եվ հակառակը, ինքնավստահ զգալով` ելույթ ունեցողն իրեն հանգիստ է պահում: Հուզմունքը հաղթահարելու տարբերակներից է ձեռքերը բրգաձև պահելն ու թուլացնելը: Շատ գործարարներ օգտագործում են այս ժեստը, սակայն այս ժեստը զգուշավորություն է պահանջում. չի կարելի այն չարաշահել կամ համակցել դեմքի ամբարտավան հայացքի հետ: Գլխավորը հանգստություն և ինքնավստահություն դրսևորելն է, այլ ոչ թե ինքնաբավություն արտահայտելը:
Լայն դիրք
Ելույթի ժամանակ կանգնած դիրքն արտացոլում է մտածելակերպը: Ուժեղ և կայուն դիրքով կանգնելիս, երբ ոտքերը բացված են ուսերի լայնությամբ, լսարանը ստանում է իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողության ազդանշան:
Ափերը վերև
Այս ժեստը վկայում է անկեղծության և ազնվության մասին: Այն ակտիվորեն օգտագործում է Օպրա Ուինֆրին իր ելույթներում: Նա ուժեղ և ազդեցիկ անհատականություն է, սակայն միաժամանակ մարդկանց հետ շփվելիս ցանկանում է լինել անկեղծ:
Ափերը ներքև
Ձեռքերը հակադիր ուղղությամբ պահելը ևս կարող է դրական ընկալվել. որպես ուժի, հեղինակության և ազդեցիկության նշան: Բարաք Օբաման հաճախ էր օգտագործում այս ժեստը, որպեսզի հանգստացնի լսարանին բարձրագոչ հայտարարություններից հետո:
Հաջորդ անգամ ելույթ ունենալիս այն տեսաձայնագրե՜ք, այնուհետ դիտե՜ք անձայն տարբերակով, որպեսզի հետևեք մարմնի շարժումներին և ժեստերին: Հետևե՜ք Ձեր կանգնելու դիրքին. արդյոք օգտագործո՞ւմ եք վերոնշյալ հնարները: Եթե դեռ ոչ, ապա մտածե՜ք` ինչպես դրանք կիրառել հաջորդ անգամ լսարանի առաջ կամ ղեկավարի/կարևոր հաճախորդի հետ զրույցի ժամանակ: Վարժություններ արե՜ք հայելու առաջ, այնուհետ ընկերների հետ այնքան ժամանակ, քանի դեռ այդ ժեստերը Ձեզ համար չեն դարձել բնական:
Չպետք է կարծել, թե ոչ խոսքային հաղորդակցության հնարները Ձեզ մեկ ժամում կդարձնեն առաջնորդ, սակայն դրանք կօգնեն Ձեզ մոտենալ հաջողությանը: Հետևե´ք այս հնարներին, և հաջողությունը Ձեզ հետ կլինի մշտապես: