«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» թեմայով զեկույց, ըստ որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին:
Դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019թ. գրանցել է ամենամեծ առաջընթացը:
Հայաստանը հնարավոր 100-ից ստացել է 76 միավորև Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Նշենք, որ 2018 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը համացանցի ազատության ցուցիչով զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը:
Հայաստանը 76 միավորով առաջատարն է տարածաշրջանում, Ադրբեջանը կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ հավաքելով 39 միավոր՝ զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 75 միավորը և զբաղեցրել է 10-րդ հորիզոնական։
Զեկույցում նշված է, որ Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից: