Հայաստանի կառավարությունը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացվի։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հետ զրույցում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ՝ ընդգծելով, որ ինքը կողմ է Կոնվենցիայի վավերացմանը ։
Հարցին, թե արդյոք հասարակական տրամադրությունները կարող են ազդել կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա, Բաթոյանը պատասխանել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուղղակի կապ չունի այդ գործընթացի հետ:
«Մեր նախարարության գործառույթն է աջակցել նրանց, ովքեր ենթարկվում են ընտանեկան կամ կենցաղային բռնության։ Մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում այդ մարդկանց։ Կանանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, նման երևույթները կանխելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի իրականացում»։
Այն դիտարկմանը, թե չի կարելի արդյոք պայքարել նման երևույթների դեմ առանց Ստամբուլյան կոնվենցիային մեր երկրի միանալու, նախարարը նշեց, որ Հայաստանի գործող օրենսդրությունն այդ մասով անկատար է՝ հավելելով, որ կոնվենցիայի վավերացումը կապահովի այդ տգեղ երևույթի դեմ պայքարի ավելի գործուն մեխանիզմներ։