Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ համատեղ նիստերում խոսել է հաջորդ տարվա համար նախատեսված բարեփոխումների մասին:2020-ի բյուջեն կկազմի 495.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2019-ի ցուցանիշը 10.8 տոկոսով, այսինքն՝ 47․98 մլրդ դրամով:
Բաթոյանը նշեց այն հիմնական ուղղությունները, որոնց կուղղվեն գումարները: Առաջին ուղղությունը կենսաթոշակներն են լինելու:
«Ուղղված են լինելու կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացմանը, որտեղ նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամի փոխարեն 26500, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը դարձնել 18 000՝ 16 000-ի փոխարեն, և աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանել 950 դրամ 800-ի փոխարեն: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար սահմանել 26 500 դրամ 25 500-ի փոխարեն: Նախատեսվում է, որ կբարձրանա զինկենսաթոշակառուների և աշխատանքային կենսաթոշակը»,-նշեց Բաթոյանը:
Ըստ Բաթոյանի՝ հաջորդ ամենակարևոր ոլորտը նպաստների համակարգն է:Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքերը շարունակվում են և տարվա վերջին կունենան նոր համակարգի առաջարկ, որը կանցնի քննարկումների փուլ: