Յուրաքանչյուր անհատ ունի իր երազանքները, սակայն երազանքների հետևից գնալիս մենք հաճախ ենք բախվում երբևէ ցանկալի աշխատանք գտնելու հնարավորության խաբկանքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը բախվում է ցանկացած աշխատանքի և ցանկալի աշխատանքի միջև ընտրություն կատարելու խնդրին: Սակայն պետք է լինել իրատես: 20 տարեկանում միշտ չէ, որ հստակ գիտակցում ես, թե ինչ ես ուզում: Հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք հստակ գիտեն՝ ինչ են ուզում համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, և արդյոք 20-30 տարի անց էլ շարունակու՞մ են մնալ նույն ոլորտում: Մասնագիտության ընտրության առաջին քայլերն անողների համար այս քննարկումը պետք է տարվի նոր հարթություն: Պետք չէ նվազեցնել ակնկալիքները կամ հրաժարվել երազանքներից: Անհրաժեշտ է իրերին նայել առավել լայնորեն:
Գնահատե՛ք հնարավորությունները՝ չմտածելով դրանք «ճիշտ» են, թե «իդեալական» Ձեր երկարաժամկետ նպատակների համար, բայց հաշվի առնելով՝ Դուք ձե՞ռք եք բերում արդյոք հմտություններ, որոնք Ձեզ պետք կգան հետագայում: Մտապահե՛ք երեք չափորոշիչ. Ձեզ համար տվյալ աշխատանքն արդյոք ապահովու՞մ է փորձ, ինքնավստահություն և եկամուտ:
Փորձ
Իհարկե, գայթակղիչ է աշխատանքը «լավագույն» պաշտոնում կամ կազմակերպությունում, սակայն հաճախ շատ բան կարելի է սովորել ցանկացած ընկերությունում: Հարցրե՛ք ինքներդ Ձեզ՝ ինչ եք ակնկալում սովորել, ինչպիսի հմտություններ եք ցանկանում ձեռք բերել: Օրինակ, եթե Դուք ցանկանում եք կատարելագործել տեքստեր կազմելու Ձեր հմտությունները, պարտադիր չէ աշխատել աշխարհում ամենահայտնի մեդիա-կազմակերպությունում կամ թվային մարկետինգով զբաղվող այլ հայտնի ընկերությունում: Կարելի է նկատի ունենալ առևտրային ասոցիացիաները, հաղորդակցության ոլորտի կամ ոչ առևտրային կազմակերպությունները, կամ էլ առաջին քայլերն անել ավելի քիչ հայտնի ինտերնետային հրատարակությունում:
Ամեն դեպքում պետք չէ դադարեցնել Ձեր ցանկալի աշխատատեղի փնտրտուքը: Մտածե՛ք դրա համար անհրաժեշտ հմտությունների մասին: Օրինակ, եթե Դուք ցանկանում եք կարերիային աճ ունենալ գովազդի ոլորտում, մտածե՛ք հաճախորդների հետ կապի գծով մենեջերի աշխատանքի մասին, սակայն մի՛ մխրճվեք առաջատար գործակալությունների ցանկի փնտրտուքում:
Ուստի հիշե՛ք. ցանկալի աշխատանքին հասնելու կարևոր նախապայման են հանդիսանում համապատասխան փորձն ու հմտությունները, որոնք պարտադիր չէ ձեռք բերել միայն հեղինակավոր և առաջատար կազմակերպություններում: Կենտորնացե՛ք ինքնակատարելագործման վրա:
Ինքնավստահություն
Իհարկե, չպետք է մոռանալ, որ կան ոլորտներ, որտեղ հեղինակությունն ունի չափազանց կարևոր նշանակություն: Եվ նմանաբնույթ կազմակերպություններում ցանկացած պաշտոնի հասնելը մարդու համար հսկայական հաղթանակ է: Եթե ցանկանում եք գործատուի մոտ ձևավորել Ձեր նկատմամբ վստահության որոշակի մակարդակ, ապա այդ դեպքում աշխատանք փնտրե՛ք բավական լավ ճանաչում ունեցող կազմակերպություններում:
Եկամուտ
Երբեք չպետք է թերագնահատել աշխատավարձի դերը: Կարելի է մինչ «Լավ» աշխատանք գտնելը զբաղվել նրանով, ինչն այդ պահին հարմար է, օրինակ՝ աշխատել որպես մատուցող սրճարանում : Երբ ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը Ձեզ համար հարմար աշխատանքի համար որևէ հեղինակավոր կազմակերպությունում, չի բացառվում, որ Ձեր թեկնածությանը առաջնություն տալով՝ այնուամենայնիվ Դուք ստպված լինեք սպասել 6-7 ամիս:
Հնարավոր է, որ Ձեր կարիերայում լինեն անսպասելի շրջադարձեր՝ վերելքներ և անկումներ, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել հետաքրքիր: Հիշե՛ք՝ հաջողությունը կախված է Ձեր արած սխալներից՝ առաջին սխալ աշխատանք կամ ցանկալի աշխատանք, որը, սակայն, ինչպես պարզվեց, ճիշտ ընտրություն չէ:
Երբեք մի՛ հուսալքվեք, փորձե՛ք գտնել փորձ ձեռք բերելու, Ձեր նկատմամբ ինքնավստահություն ձևավորելու և եկամտի նոր հնարավորություններ և համոզված եղե՛ք՝ Դուք կգտնեք Ձեզ համապատասխան աշխատանք: